Քննարկել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Ինչպես տեղեկանում ենք iravaban.net կայքից, գործադիրը քննարկել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Կառավարության եզրակացության համաձայն՝ նախագծի ընդունումը չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից մի շարք հիմնավորումներով: 

Նշված է, որ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների բուժման գործընթացը մշտապես գտնվում է Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, անհրաժեշտության դեպքում նախարարության համակարգմամբ իրականացվում են բժշկական խորհրդակցություններ, որոնց արդյունքներով որոշվում է պացիենտների բուժման հետագա տակտիկան: 

Բացի այդ, 2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են սոցիալական աջակցության տրամադրման, ՀՀ սոցիալական համագործակցության հետ կապված հարաբերությունները: 

Առկա հարցերը կարգավորելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ մշակել և շրջանառության մեջ է դրել նախկինում ընդունած որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով պարտադիր պահանջ է սահմանվում ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի կամ կամավորականի ընտանիքի կարգավիճակ ստանալու խնդրահարույց դեպքերում համապատասխան տեղեկությունները բուժհաստատությունից և զինկոմիսարիատից եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության տարածքային մարմիններին տեղեկացնելը: 

Աղբյուրը՝ iravaban.net