Մեկնեցին Գերմանիա՝ վերապատրաստման

ՀՀ ՊՆ հաղորդմամբ, հունիսի 12-ին Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հայ խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնեց Գերմանիա: 

Մինչ Աֆղանստանում տեղակայվելը` հայ խաղաղապահների զորախումբը Գերմանիայում կմասնակցի մեկամսյա վերապատրաստման դասընթացներին և նախատեղակայման վարժանքներին:

Ինչպես տեղեկացնում է ՌԱԶՄ.info, պարապմունքները կրում են պարբերական բնույթ: Աֆղանստան մեկնող հայ խաղաղապահների յուրաքանչյուր խումբ նախապես վերապատրաստվում, մարզումներ է անցնում Գերմանիայում: ՀՀ ԶՈւ խաղաղապահների նախորդ խումբն այդ նպատակով Գերմանիա է մեկնել նաև փետրվարին:

Հավելենք, որ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն է անցկացնում Հայաստանի զինված ուժերի 131 խաղաղապահ զինծառայող, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Առ այսօր հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004թ-ից Կոսովոյում, 2005թ-ից՝ Իրաքում, 2010թ-ից՝ Աֆղանստանում, 2014-ից՝ Լիբանանում։ 2015թ-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի մեկ սպա որպես դիտորդ մասնակցում է Մալիում ՄԱԿ հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանը:

Աղբյուրը՝ http://razm.info/