ԻՏՁՄ-ի նախաձեռնած ռազմարդյունաբերությանն աջակցող մոբիլիզացիոն ծրագրին միացել են շուրջ 300 մասնագետ

Կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնած ՏՀՏ (Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների) և ԲՏ (Բարձր տեխնոլոգիաների) ոլորտի մոբիլիզացիոն ծրագրին աջակցել ցանկացողների առաջին հանդիպումը: Ըստ աղբյուրի, այս նախաձեռնության նպատակն է համախմբել գիտական ներուժը, մարդկային ռեսուրսները և միավորել առկա ռազմարդյունաբերական համակարգին:

Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրված են մի շարք կամավոր ծրագրավորողներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ և այլ մասնագետներ, որոնց թիվը հասնում է 300-ի: Հանդիպման ընթացքում ներկայացվել է միության կողմից արդեն իսկ կատարված աշխատանքները, կազմվել է միջոցառումների ծրագրեր՝ կամավորների կողմից իրականացվող աշխատանքների հետագա կարգավորման նպատակով:

Նշենք, որ ՏՀՏ և ԲՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագիրն իրականացվում է պաշտպանության նախարարի հրամանով, համաձայն որի համապատասխան աշխատանքներ են տարվում  զինատեսակների արդիականացման ուղղությամբ: Հարկ է նշել, որ դեռևս ապրիլ ամսին ԻՏՁՄ հայտարարել էր ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հավաքագրվում է  կամավորների և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: