«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելով՝ հարուստ փորձը կփոխանցեն երիտասարդ կադրերին

ԱԺ-ի մամլո տեղեկատվության հունիսի 6-ին  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը: 

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ազգային անվտանգության մարմինների՝ նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոնները կհամալրվեն գիտական աստիճան ունեցող եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված ու հետագայում պահեստազորում գրանցված անձանցով: Ըստ Նախագծի, բարձրագույն սպայական կազմի ծառայողների համար կսահմանվի մեկ ընդհանուր տարիքային սահմանափակում (մինչեւ 65 տարեկանը): Հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող եւ բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի առանձին ծառայողներ, բացառիկ դեպքերում, սահմանային տարիքի հասնելուց հետո, կարող են շարունակել պաշտոնավարել առավելագույնը ևս 10 տարի, ինչի արդյունքում իրենց հարուստ փորձը կփոխանցեն երիտասարդ կադրերին, որով հետագայում դյուրին կլինի ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր եւ ավագ խմբի պաշտոնների համալրումը բանիմաց եւ փորձառու կադրերով:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: