Կճանաչվեն կամավորական

2016 թվականի ապրիլի 1-ից հետո մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորական գրված և մարտական գործողությունների շրջան մեկնած՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձիք ևս կճանաչվեն կամավորական և Կառավարության կողմից  կստանան համապատասխան աջակցություն:

Ինչպես տեղեկանում ենք aysor.am կայքից համապատասխան որոշումը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում: 

Ըստ որոշման՝ եթե կամավորականը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել (մահացել) է, անհայտ կորել է, կամ ստացել է մահվան պատճառ հանդիսացող կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածք, խեղում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով, ապա նրանց և նրանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունը ևս կլինի սահմանված կարգով:

Սոցիալական պաշտպանությունն իրականացվում է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ ճանաչված զինծառայողի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող` զինվորական ծառայության ընթացքում զոհված  զինծառայողի ընտանիքի անդամի  կամ  զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ ճանաչված զինծառայողի համար սահմանված կարգով: