ԷԼ ՀԱՐՑ ՉՏԱ՛Ս

      Մայիսի 8-ին Ազգային Ժողովում քննարկվելու է ՀՀ նոր վարչապետի ընտրության հարցը , «Արժանապատիվ սպա» ԻՍՀԿ-ն անդամ՝ հայ սպաներին, հետաքրքրում է, այս անգա՞մ էլ է Կորյուն Նահապետյանը պետական գաղտնիք պարունակող հարցեր տալու, կամ հետաքրքիր է, ինքն՝ իր նախկինում, տված հարցերի պատասխանը գիտեր, թե՞ ոչ:

      Ճիշտ կլիներ հարց տալուց առաջ մտածեիր, թե դու ինչ ես արել Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ եղած վերջին 5 տարիների ընթացքում, արդյոք լուծե՞լ ես տարագիր հայ տղաների բանակի հարցը, որոնք մանկուց մեծացել են օտար երկներում, որոնց հայրենիքի կարոտն է խեղդում, բայց չեն կարողանում հայրենիք գալ և հայրենիքը չտեսած՝ հայրենիքի կողմից քրեական հետախուզման մեջ են հայտնվել բանակից խուսափելու համար, նույնիսկ իրենց ծնողների թաղմանը չեն կարողանում մասնակցել, քրոջ ու եղբոր հարսանիքին չեն կարողանում մասնակցել: Արդյո՞ք օրենսդրական նախաձեռնություն ես ցուցաբերել բանակում չլուծված խնդիրները կարգավորելու համար, ոստիկանության և ազգային անվտանգության խնդիրները լուծելու համար: Կրթությունդ և պրակտիկ աշխատանքային փորձդ չեն հուշում, որ դու կարող ես քո տված հարցերի պատասխանը իմանալ և ընդհանրապես հեռու ես թե՛ բանակից, թե՛ ոստիկանությունից և առավել ևս ազգային անվտանգությունից: Երբեք չմոռանաս, որ մինչև Լֆիկ Սամոյի փեսան լինելը և նրա թևերով ԱԺ-ում և հանձնաժողովում հայտնվելը, բավականին գործիմաց մասնագետներ են աշխատել այդ հանձնաժողովում, որոնք հեղինակ և համահեղինակ են բազմաթիվ օրենքների և օրենսդրական նախաձեռնությունների, բայց երբեք իրենց թույլ չեն տվել պետական գաղտնիք պարունակող հարցեր տալ, առավել ևս, ոչ մասնագետներին:

      Կրթական ցուցակդ նայելով՝ բազմաթիվ արտասահմանյան երկրներում վերապատրաստումներ ես անցել, ի դեպ նշեմ, որ մի քանի օրով վերապատրաստման գնալը կրթություն չէ, եթե համարում ես կրթություն, ապա մենք սպաներ ենք և գիտենք, որ նման երկրներում անմիջապես հատուկ ծառայությունները փորձում են գործակալական ցանցում հավաքագրել: Ճիշտն ասած մեզ մոտ հարց է առաջացել, թե արդյոք ո՞վ հավաքագրած կլինի ՑՌՈւ-ն, Մասադը, ՖՍԲ-ն թե մեկ այլ օպերատիվ կառույց. եթե ոչ, ապա մասնագիտական ցածր ունակություններիդ պատճառով հետաքրքրություն չես ներկայացրել: Ճիշտ կլինի ենթադրել, որ այդ կառույցներում սովորեցրել են, թե ինչպես կարելի է դղյակ կառուցել և անօրինական հարակից բանուկ փողոցներ զավթել և ձեռք բերած առանց այդ էլ մեծ հողատարածքը ավելի ընդարձակել:

      Խնդրում ենք մեր մասնագիտական հեղինակությանը այլևս չդիպչես, քեզ ռազմական-ոստիկանական փորձագետի տեղ չդնես և չհասկացածդ հարցերը չհրապարակես, մեկ անգամ ևս չիմացությունդ ի ցույց չդնես: Սա համարիր մեր կառույցի հայ սպաների խորհուրդը և խնդրանքը քեզ:

«Արժանապատիվ ՍՊԱ» ՀԿ նախագահ,
գեներալ - լեյտենանտ Գագիկ Կոստանդյան