Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ

        «Արժանապատիվ ՍՊԱ» իրավասոցիալական հասարակական կազմակերպության իրավաբանների խումբը ուսումնասիրության ենթարկեց Սամվել Բաբայանին վերաբերվող քրեական գործը, որի արդյունքները շատ զարմանալի էին: 

        Ինքդ քեզ հարց ես տալիս, թե Բաբայանին մեղադրանք առաջադրող իրավաբանները կամ դատավորները, ովքեր տարբեր ատյաններում դատել են Բաբայանին, «պատվերը» ի կատար ածելուց հետո, ինչպե՞ս են կարողացել քնել, ինչպե՞ս են կարողանում նայել իրենց հարազատների աչքերին, չէ՞ որ հասկանում էին, որ վերջինիս արարքում հանցակազմ չկա և մեղադրում էին անմեղ մարդուն, ավելին՝ հայրենիքի պաշտպան՝ հրամանատարին, հերոսին, թուրք-ազերիների սարսափին…

         Երբ մարդը դատվում է իր կատարած արարքի համար, գիտի, թե ինչի համար է դատվում, իսկ երբ անմեղ մարդու են դատում, այն առնվազն եռակի ծանրություն է ունենում դատապարտյալի համար, և շատ քչերն են, որ ողջ են դուրս գալիս բանտերից:

        Ցավալին այն է, որ հերոսի նկատմամբ այս էլ արդեն երկրորդ պատվերն է: Առաջին պատվերով դատելու ժամանակ մենք բազմիցս ենք ահազանգել, որ դատում եք անմեղ մարդու, վերջինիս արարքում հանցակազմ չկա, բայց ո՞վ էր լսելու... պատվիրատուն ուժեղ էր:

        Քանի՜-քանի՜ հերոսներ գիտենք, որ այսօր քաղաքական նկատառումներով հայտնվել են քրեակատարողական հիմնարկներում, բայց ավելի ճիշտ կլինի ասել, նրանցից վախենալով՝ փակի տակ են դրել՝ վախենալով, որ ժողովրդին ոտքի կհանեն՝ իրենց տապալելու:

        Կոչ ենք անում նոր կազմավորվող կառավարությանը վերանայել Սամվել Բաբայանի և քրեակատարողական հիմնարկներում գտնվող մյուս հերոսների քրեական գործերը, անհապաղ ազատ արձակել հերոսներին, իսկ պատվեր կատարող իրավաբաններին տալ արժանի պատիժներ: Դա ժողովրդի կողմից կգնահատվի որպես արդարության վերականգնում և իսկապես ժողովրդավարություն:

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀԿ Նախագահ,
գեներալ - լեյտենանտ Գագիկ Կոստանդյան