Կառավարությունը շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթական, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կհատկացվի 80 մլն դրամ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Գումարը հատկացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման և 2016 թ. ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: 

Կառավարությունը որոշել է Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Վիդրոջենյա N 28 հիմնական դպրոցին: Հիմնավորման համաձայն, Մարշալ Բաղրամյանի անվան դպրոցում սովորում է 30 աշակերտ, իսկ Վիդրոջենյա հիմնական դպրոցը գործում է տիպային շենքային համալիրներում, թերբեռնված է, սեյսմակայուն է (կառուցվել է երկրաշարժից հետո) և ունի բավարար նյութատեխնիկական բազա: Արդյունքում կխնայվի 19 մլն դրամ: