Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձինք կօգտվեն օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից

Картинки по запросу hh karavarutyanՀՀ կառավարության 29.09.2016թ.  հերթական նիստում հաստատվել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին կարգավիճակ տրամադրելու կարգը: Ընդունված որոշման համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձանց կտրամադրի  մեկ միասնական ձևի վկայական:

Նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ արդյունքում, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների  մասնակիցները կստանան իրավական ուժ ունեցող վկայական, ինչի հիման վրա մասնակիցները, առանց դժվարության, կկարողանան օգտվել օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից:

Միաժամանակ, կտարվի էլեկտրոնային հաշվառում և արդյունքում կձևավորվի ՉԱԷԿ-ի մասնակիցների տվյալների ամբողջական շտեմարան:

ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են շուրջ 3000 մարդ` զինվորական ծառայողներ, զինվորական վարժական հավաքների մասնակիցներ, աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներով մեկնածներ: Նրանց մի մասը` զինվորական ծառայողները,  ստացել են Հայրենական մեծ պատերազմի մասնակցի վկայական, որտեղ նշված է, որ նրանք համարվում են ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձինք և օգտվում  օրենքով սահմանված արտոնություններից:

Աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներով մեկնածներին տեղեկանք է տրամադրել Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի կողմից տրված վկայականն իրավական ուժ չունի և  հիմնականում չի ընդունվում բուժհաստատությունների կողմից (նշված կատեգորիային պատկանող անձինք  ունեն միայն պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու իրավունք: