Մտավոր ներուժը` հուսալի հաղթաթուղթ

 

- Մեր խնդիրն է ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացնել առավել արագ՝ ավելի մեծ ներուժ ընդգրկելով եւ ավելի բարձր արդյունավետությամբ:

 - Մեր մտավոր ներուժը ռազմաարդյունաբերության զարգացման գլխավոր հաղթաթուղթն է:

 – Ժամանակն ու իրավիճակը թելադրում են ռազմաարդյունաբերության ոլորտում շեշտադրումներն ու առաջնահերթությունները փոխելու եւ նոր գաղափարներ ներդնելու անհրաժեշտություն:

 - Մենք պետք է կարողանանք վաճառել մեր արտադրանքը արտասահմանում եւ այդ դեպքում կարող ենք ունենալ բարձր շահութաբերություն:

 - Իմ ընկերներն իմ համախոհներն են: Մենք ապրում ենք նույն հոգսերով, նույն հետաքրքրություններով: 

 – Մարդու մեջ բարձր եմ գնահատում ուրիշներին օգնելու պատրաստակամությունը:  Սա բարոյական նկարագրի այն հենքն է, որի վրա կառուցվում է մարդու կերպարը: Եթե այդ հենքը չկա, ապա մարդը օտար է ինձ ու չի կարող իմ ընկերը լինել:

Զրույց  ՀՀ  պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ:

 Պարոն Փախչանյան, ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն, որի նախագահն եք, նոր կառույց է պաշտպանության համակարգում: Ի՞նչ գործառույթներ ունի այն:

Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն վերահսկում է ռազմաարդյունաբերության ամբողջ համակարգը և գործընթացները: Կոմիտեի գործառույթներն ընդգրկում են մի քանի ուղղություններ: Առաջինը պետպատվերի ձևավորումն է ռազմաարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական,  արտադրության և նորոգման աշխատանքների մասով: Կոմիտեն զբաղվում է ենթաօրենսդրական դաշտի ձևավորման և կատարելագործման աշխատանքով: Մասնակցում է ռազմաարդյունաբերության քաղաքականության և ռազմավարության մշակման աշխատանքներին: Փաստաթուղթը շուտով կհաստատվի, կընդունվեն նաև շուրջ 12 այլ կարգեր, որոնք պետք է կարգավորեն ոլորտը:

Պարոն Փախչանյան, 2011թ.-ի դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց «Ռազմաարդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը», որից հետո կառավարությունը մշակեց հայեցակարգից բխող միջոցառումների 21 կետից բաղկացած ծրագիր: Անցել է հինգ տարի: Պահպանվե՞լ է ծրագրի իրականացման ժամանակացույցը, և ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել:

Նշեմ, որ ընդունված ՀՀ  ՌԱՀ-ի մասին օրենքը հայեցակարգից բխող միջոցառում է եղել:

Ժամանակը, իրավիճակի փոփոխությունը թելադրում են համապատասխան որոշումներ ընդունելու, շեշտադրումները, առաջնահերթությունները փոխելու, նոր գաղափարներ ներդնելու անհրաժեշտություն: Ծրագրով նախատեսված միջոցառումները, անշուշտ, իրագործվել են և տվյալ ժամանակահատվածում ապահովել ռազմաարդյունաբերության զարգացման հնարավորությունն ու բնականոն ընթացքը` առկա մարտահրավերներին համապատասխան: Բայց այսօր ակնհայտ է, որ նորամուծությունների և աշխատանքն առավել ընդգրկուն, արդյունավետ դարձնելու անհրաժեշտություն կա, ուստի  մշակվում են աշխատանքի նոր մեթոդներ, ներգրավվում են նոր ռեսուրսներ` առկա խնդիրները լուծելու և գալիք մարտահրավերներին դիմակայելու համար:  Արդեն իսկ իրականացվել են օրենքից բխող մի շարք փոփոխություններ, ձևավորվել է ռազմաարդյունաբերական հանձնաժողովը, ձևավորվում է գիտատեխնիկական և ռազմատեխնիկական խորհուրդը, իսկ ենթահանձնաժողովների նախագահները հաստատվեցին ռազմաարդյունաբերական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ:

Պարոն Փախչանյան, գնահատվա՞ծ են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հնարավորությունները Հայաստանում:

Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հնարավորությունները պայմանավորված են մի քանի հիմնարար գործոններով: Առաջինը համապատասխան ֆինանսական ապահովումն է: Պարզ ասեմ, այն ֆինանսավորմամբ, որը կար նախկինում, հնարավոր չէ մեծ խնդիրներ լուծել: Պետք է օգտագործել ֆինանսավորման բոլոր հնարավոր աղբյուրները և քննարկել ոչ պետական ֆինանսավորման տարբերակները: Հաջորդը ինտելեկտուալ պոտենցիալի ներգրավումն է Հայաստանում և Հայաստանից դուրս:

Իմ նախորդ հարցազրույցների ժամանակ ոլորտը ղեկավարող պաշտոնյաները այն կարծիքին էին, որ մեր գլխավոր խաղաքարտը մեծ մտավոր պոտենցիալն է, և հենց սրանով պիտի հաղթահարենք ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված բացը և պահպանենք հավասարակշռությունը Ադրբեջանի հետ: Մի՞թե ինտելեկտուալ պոտենցիալը ներգրավված չի եղել մինչ օրս:

Խոսքը ծավալների մասին է, այն մասին, թե ինչ չափով ներգրավել և ինչ արդյունավետությամբ աշխատել: Գաղտնիք չէ, որ մեր մտավոր ռեսուրսի ամբողջ ծավալը ներգրավված չէ և հնարավոր էլ չէ գրչի մի հարվածով ներգրավել: Դա շարունակական աշխատանք է, որի արդյունավետությունը մեծապես կպայմանավորի ռազմաարդյունաբերության զարգացման որակն ու տեմպերը: Հաջորդ խնդիրը, որ կարևորում եմ, մեր արտադրական հնարավորությունների ճիշտ գնահատումն է: Պարզ ասած` պիտի հստակեցնել` որ զինատեսակն ենք արտադրելու տեղում, և որն ենք գնելու արտերկրից: Էական է նաև մարտավարատեխնիկական առաջադրանքի մշակման և կազմման մեխանիզմների հստակեցումը:

Ընթերցողին մատչելի լեզվով ասած` պիտի հստակեցվի, թե ի՞նչ է պետք բանակին:

Այո՛: Ու եթե մենք կարողանանք նշածս հարցերին տալ հստակ պատասխաններ, ապա զարգացման ուղին ու մեթոդները կլինեն տեսանելի ու բարդություններ չեն հարուցի: Կմնա սահմանել մեխանիզմները ու գործել:

Նախկինում եղել է մտայնություն, թե մենք Հայաստանում շատ բարդ խնդիրներ չենք կարող լուծել, ուստի  գործունեությունն ամփոփվել է փոքր ֆինանսավորմամբ, փոքր ռիսկերի շրջանակում: Այսօր ժամանակն ու իրավիճակը այլ խնդիրներ են առաջադրում:

Հնարավո՞ր է ռազմաարդյունաբերությունը դարձնել շահութաբեր ոլորտ Հայաստանում:

Մեխանիզմը հետևյալն է` գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով մենք պետք է ունենանք պետականին հավելյալ ֆինանսավորում: Դա կլինի կամ մասնավոր, կամ հատուկ տիպի ֆինանսավորում: Օրինակ՝ Իսրայելում կա «Գլխավոր գիտնականի օֆիս», որը ֆինանսավորում է ռազմական ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքները,  ֆինանսավորումը կատարվում է դրամաշնորհային սկզբունքով: Դրամաշնորհը տալիս են աշխատանքը հաջողությամբ ավարտին հասցնելու դեպքում, հետագա վաճառքից որոշ տոկոսներ վերադարձվում են, հակառակ դեպքում` ոչ ոք չի դատապարտում գիտնականին, որովհետև ոլորտը  բավականին ռիսկային է: Ինչ վերաբերում է շահութաբերությանը արդյունաբերության ոլորտում, անշուշտ, կլինեն սահմանափակումներ, հիմա գործում է 10 տոկոս շահութաբերության մեխանիզմը:  Մյուս կողմից մենք պետք է կարողանանք վաճառել մեր արտադրանքը արտասահմանում, և այդ դեպքում կարող ենք ունենալ բարձր շահութաբերություն:

Ի՞նչ ընդգրկումով է ներկայանում այսօր Հայաստանի ռազմաարդյունաբերությունը: 

Ուզում եմ առաջինը նշել ռազմական տեխնիկայի նորոգումը և նորոգմամբ արդիականացման աշխատանքները: Տեխնիկան աշխատունակ վիճակում պահելը շատ կարևոր է բանակի մարտունակության համար: Կարևոր են նաև ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքները:

Ոչ վաղ անցյալում մենք արտադրում էինք ինքնաձիգներ, դիպուկահար զենքեր, ատրճանակներ, սպառազինության ուսումնական միջոցներ, զինպահեստամասերի տեսականի,  ՀՕՊ միջոցների հանգույցներ, ամբողջական լոկատորներ, 20 կիլոմետրանոց լազերային հեռաչափեր: Մեր դոպլերային շարժական համակարգը աշխարհում նորագույն մշակումներից մեկն էր, լազերային բյուրեղների աճեցման գործում մեր անունը նշվում էր առաջատարների շարքում: Վերջին շրջանում ի՞նչ նորություններ, ի՞նչ նոր արտադրանք ունենք: Եվ որպես հարցի շարունակություն` ի՞նչ «առաջարկներ» արեց ոլորտին քառօրյա պատերազմը:

Նորամուծություններից կնշեմ, օրինակ, ջերմատեսիլ սարքերի արտադրությունը և ՀՕՊ համակարգերի արդիականացումը: Ի՞նչ վերաբերում է քառօրյա պատերազմին, անշուշտ, այն արեց իր «առաջարկները»: Պահպանելով գաղտնիության ռեժիմը, ես Ձեր հարցերին տալիս եմ հնարավորինս ընդհանուր պատասխաններ և չեմ կարող թվարկումներ անել: Արված են բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, որից կբխեն համապատասխան քայլեր: Մենք այսօր խնդիր ունենք ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացնել առավել արագ՝ ավելի մեծ ներուժ ընդգրկելով և ավելի բարձր արդյունավետությամբ: Մենք պիտի կարողանանք Ադրբեջանի ունեցած առավելություններին հակադրել մեր առավելությունները:

Որո՞նք են մեր առավելությունները:

Ինտելեկտուալ անհամեմատ մեծ ներուժը և Սփյուռքի հնարավորությունները: Մեր մտավոր ներուժը հուսալի հաղթաթուղթ է մեզ համար:..

 Ամբողջ հարցազրույցը կարող եք կարդալ՝  www.hayzinvor.am ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնական թերթի էլեկտրոնային տարբերակում