ԼՂՀ-ում դրամական փոխհատուցման գործընթացը մեկնարկվել է

Ինչպես տեղեկանում ենք http://artsakhpress.am կայքից, հունիսի 8-ից ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից, կամավորական ԼՂՀ քաղաքացիներին ապրիլ ամսում զինվորական ծառայության մեջ փաստացի գտնվելու օրերի համար դրամական փոխհատուցման գործընթացը մեկնարկվել է: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը` մանրամասնելով, որ այսօրվա դրությամբ դրամական փոխհատուցման տրամադրման գործընթացը «Արցախփոստ»-ի մասնաճյուղերի միջոցով սկսվել և շարունակվում է հանրապետության բոլոր շրջաններում և Ստեփանակերտում` բացառությամբ Մարտունու շրջանի: Նախարարի խոսքով` եթե չնախատեսված խնդիրներ չլինեն` Մարտունու շրջանում հաշվառված կամավորականների դրամական փոխհատուցման գործընթացը կմեկնարկի վաղը:

«Մեր աշխատակիցները նույնպես գտնվում են «Արցախփոստ»-ի համապատասխան բաժանմունքներում և եթե կամավորականն իր անունը չի գտնում ցուցակներում , ապա կարող է անձնագրով մոտենալ նախարարության ներկայացուցչին դիմում գրել և անձի նույնականացումից ու գումարի չափի ճշգրտումից հետո ստանալ փոխհատուցումը»,-հայտնել է Ս. Ավանեսյանը` հավելելով, որ դրամական փոխհատուցման շեմը 150.000 դրամն է կամ զինվորական ծառայության մեջ փաստացի գտնվելու յուրաքանչյուր օրվա համար 5000 դրամը` չաշխատող քաղաքացիներին:

Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և պետական մասնակցությամբ հիմնարկ-ձեռնարկությունների այն աշխատակիցներին, որոնց աշխատավարձը ցածր է 150,000 դրամից` կտրամադրվի ստացած գումարի տարբերությունը: Ծրագրում ընդգրկված են նաև 37 խոշոր հարկատու հանդիսացող տնտեսվարող կազմակերպությունների աշխատակիցներ: