Բժշկական նյութեր և պարագաներ զինված ուժերին

Ամերիկյան «Armenian wounded heroes fund» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների հետ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից:

Ամերիկահայ բարերարներն առաջարկել են բժշկական նյութեր և պարագաներ տրամադրել զինված ուժերի կարիքների համար: Օգնությունը ենթադրում է զինվորի անհատական բժշկական փաթեթներ, ջոկերի սանհրահանգիչների համար նախատեսված պայուսակներ, որոնք համալրված են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով: 

Տրամադրվող բժշկական պարագաներն ու նյութերը` ՀՀ զինված ուժերում գործող չափանիշներին համապատասխանելիության առումով փորձաքննություն անցնելուց և դրանց պահանջարկի ուսումնասիրությունից հետո, կկիրառվեն ԶՈՒ ռազմաբժշկական ստորաբաժանումներում:

Աղբյուրը՝ ՀՀ պաշտպանության նախարարություն