Մեկնարկեց «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից, մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի կունենա «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը: 

Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում կայացավ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսությանը մասնակցում էին Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:

Զորավարժության մասնակիցների պետական դրոշների բարձրացումից հետո ողջույնի խոսք ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Արարողությունն ամփոփվեց ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթով:

«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը, որին մասնակցում է 600-ից ավելի անձնակազմ և շուրջ 40 միավոր տեխնիկա, կավարտվի մայիսի 26-ին:

Աղբյուրը՝ http://www.police.am/news/view/%D5%A6%D6%802405.html