Արցախի կամավորականներին՝ դրամական օգնություն

Ինչպես տեղեկացնում է ՌԱԶՄ.info-ն, մայիսի 27-ին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն Արցախի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտնել է, որ արցախցի աշխատող կամավորականներն առաջնագծում գտնվելու ընթացքում նույնպես ստացել են իրենց աշխատավարձերը, իսկ չաշխատող կամավորականների համար պետական դրամական օգնություն է տրամադրվել:

Արցախի կառավարությունը, վարչապետ Հարությունյանի խոսքով, նախ լուծել է կամավորականներին պարենով ապահովելու խնդիրները, բայց բացի դրանից, պետական աշխատողները ժամանակին ստացել են նաև իրենց աշխատավարձերը: Մասնավոր սեկտորում աշխատող կամավորականները նույնպես հիմնականում ժամանակին ստացել են իրենց աշխատավարձերը, սակայն եղել են նաև ուշացումներ:

Ինչ վերաբերում է այն կամավորականներին, որոնք չունեին ֆիքսված եկամտի աղբյուր, կատարում էին սեզոնային աշխատանքներ և այլն, ապա Արցախի կառավարությունը նրանց համար սահմանել է համապատասխան դրամական օգնություն:

«Մի կանխավճարի տեսքով Պաշտպանության բանակն արդեն փոխանցել է նրանց, բայց դա մի մասն է, ավելացնելու են: Եվ փորձելու ենք, որ գոնե նվազագույն նյութական աջակցություն ցուցաբերենք: Նաև կարող եմ հայտարարել, որ (դրույքաչափն) այսօր հաշվվում է մեկ օրվա համար միջինը 5 հազար դրամի չափով», — ասել է Արցախի վարչապետը:

Ներկայումս դիրքերում կամավորականների անհրաժեշտության մասին լրագրողի հարցին պատասխանելով Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ կամավորների՝ դիրքերում լինելը միշտ է պահանջված, որովհետև առաջին հերթին ոգևորում է զինվորներին: Սակայն հաշվի առնելով նաև տնտեսության պահանջը, որոշ ժամանակ անց անհրաժեշտ կլինի, որ կամավորականները վերադառնան իրենց առօրյա աշխատանքին:

Ըստ աղբյուրի, Արայիկ  Հարությունյանը հարցազրույցի ժամանակ խոսել է նաև ապրիլյան մարտերի ժամանակ մատակարարման, քաղպաշտպանության, տեղահանվածների տեղավորման և տնտեսության վերականգնման թեմաներով:

Տեղեկատվության աղբյուրը՝ http://razm.info/83974