Սահմանվել է կամավորականների սոցիալական պաշտպանության իրականացման կարգը

Սահմանվել է կամավորականների սոցիալական պաշտպանության իրականացման կարգըՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 02.06.2016թ. ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Որոշմամբ սահմանվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման հետևանքով տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորականներ) սոցիալական պաշտպանության իրականացման կարգը: Մասնավորապես՝...

1) եթե կամավորականը զոհվել (մահացել) է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը կամ խեղումը ստացել է հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, ապա զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է, համապատասխանաբար, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամի և ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) եթե կամավորականը մահացել է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը կամ խեղումն ստացել է սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների հետ չկապված պայմաններում (սակայն մարտական գործողությունների շրջանում), ապա մահացած կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ ճանաչված զինծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տեղեկատվությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության